вторник, 8 марта 2016 г.

Կետադրել

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին,վաղուց ծանոթ,մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել. «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված որ ուժգին սիրեք, ում, որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ մեռածներիս «ելե'ք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս հավատով ու տիրական «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես,ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն՝մահացու հոգնածություն: Ինձ թվում է,թե ես մեռնում եմ: Ուզում եմ,որ երբ կմեռնեմ եւ շուրջս մահվան լռությունը կտիրի գերեզմանիս վրա, հանկարծ, բայց աննկատելի երաժշտություն հնչի,որ ճերմակ շորերով մի աղջիկ՝ բերկրալից,խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի՝անիրականալիի,հեռավորի՝առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ պայծառ անմոռուկներ,ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ա~խ,նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը ,սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի,այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

Комментариев нет:

Отправить комментарий