вторник, 26 апреля 2016 г.

Սուտ

Բոլորս էլ սիրում ենք ստել: Մենք ստում ենք, որովհետև շատ հաճախ մեզնից հենց դա են պահանջում: Ստում ենք, երբ հասկանում ենք, որ մեր անկեղծությունը կարող է վնասել մեզ, վնասել դիմացինին կամ որևէ մեկին: Ստում ենք, երբ վախենում ենք հետևանքներից, վախենում ենք, որ մեզ չեն հասկանա, կամ կքննադատեն: Ստում ենք, որ չցավեցնենք դիմացինին: Ավելի հաճախ ստում ենք փորձելով խուսափել մեր պատասխանից ծնվող նոր հարցերից:
Ստում ենք հարկադրաբար, ստում ենք կամովի, ու կյանքի տարբեր իրավիճակներում հարց է առաջանում. ստել ու բավարարել դիմացինին, թե անկեղծ սրտով ցավեցնել ոչ ցանկալի ճշմարտությամբ: Ու ամեն դեպքում ես փորձում եմ չստել: Չստել, որովհետև իրական պատճառը հասկանալուց  հետո քեզ մեղադրելու են, ոչ թե արդարացնելու:
Երբեմն ստի հետևանքները  կարող են շատ ցավոտ ու անդառնալի լինել:
Չեմ ստում (համենային դեպս փորձում եմ), որովհետև չեմ ցանկանում շրջապատող աշխարհից անընդհատ ստեր ու հորինված պատմություններ լսել: Ստելով մենք կորցնում ենք մեր հարազատների, մեր ընկերների վստահությունը, որը երևի ամենակարևորն է ու ամենաթանկը: Մենք վստահում ենք այն մարդկանց ում մեջ բարություն, անկեղծություն ու հարազատ ինչ-որ բան ենք տեսնում, բայց ոչ երբեք հորինված պատկերներ ու հորինված իրականություն:
 Հաճախ ստում ենք դիմացինին խնայելու համար, ստում ենք, որ ճշմարտությունը ավելի վատ հետևանքներ չունենա: Ստում ենք, բայց մեր սուտը արդարացված է, կամ ուղղակի էդպես ենք արդարացնում մեր սուտը ինքներս մեզ համոզելով, որ ճիշտ ենք վարվել:
Մենք ստելով ենք մեզ պաշտպանում կյանքի տարբեր իրավիճակներում առաջացած կոնֆլիկտներից: Հորինում  ենք պատկերներ, հորինում ենք կյանքի նոր իրականություններ ու ապրում հենց դրանցով: Մենք առաջին հերթին ստում ենք ինքներս մեզ:
Ու ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ փորձում է ընտրել էնպիսի ընկեր, էնպիսի կողակից, ով կյանքի տարբեր իրավիճակներում անկախ հանգամանքներից ու պատճառներից չի ստի իրեն:

Комментариев нет:

Отправить комментарий